Բնապահպանություն և ԿՍՊ
Բնապահպանություն

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն իր գործունությունն իրականացնում է բնապահպանական տեսանկյունից էական ռիսկեր պարունակող ոլորտներում: Ընկերությունը էական բնապահպանական խնդիրներ ունի պղնձաձուլական գործարանի աշխատանքի հետ կապված: Սկսած պղնձաձուլարանի գործարկման պահից, ընկերությունն անընդմեջ փնտրել է իր գործունեությունը բնապահպանական տեսանկյունից անվտանգ դարձնելու և կայուն, ինքնահարատ զարգացման սկզբունքներին լիարժեքորեն համապատասխանեցնելու արդյունավետ մեթոդներ:

Խնդրի լուծումն ընկերությանը լիարժեքորեն հաջողվել է թույլատրելի սահմանային չափաքանակները գերազանցող ջրային արտահոսքերի բացառման մասով: Իր գործունեության ողջ ժամանակահատվածում փակ շրջանառու համակարգով են աշխատել ընկերության հանքն ու հանքահարստացուցիչ ֆաբրիկան: 2005թ. փակ շրջանառու համակարգ ներդրվեց նաև պղնձաձուլական գործարանի խարամի հատիկավորման ավազանում:

Ցավոք, ընկերությունը չի կարողացել նույնպիսի հաջողություններ ունենալ օդային ավազան արտանետումները նվազեցնելու հարցում: Ընկերության կողմից դեռևս 2003թ. հաստատված բնապահպանական միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվել են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման ուղղությամբ մի շարք քայլեր: Մասնավորապես` յուրաքանչյուր կոնվերտերի հետ միաժամանակ երկու ցիկլոններ շահագործելու շնորհիվ հնարավոր եղավ մեծապես նվազեցնել ծծմբային գազերի չկազմակերպված արտահոսքը և ավելացնել հավաքվող ու կրկնակի վերամշակվող փոշու քանակը: Բացի այդ, սկսած 2003թ., կոնվերտերի յուրաքանչյուր վերանորոգման հետ (իրականացվում է եռամսյակը մեկ անգամ) կատարվում է փոշեկուլի ամրացում: Այդ միջոցառումների արդյունքում չկազմակերպված գազերի արտահոսքը ներկայումս չի գերազանցում 3 տոկոսը, և գործնականում ծծմբային գազերի արտանետման միակ աղբյուրն այսօր գազատար խողովակն է: Գազատար խողովակից արտանետումների նվազեցման խնդրի արմատական լուծումը դժվարացնող գործոններից է այն, որ ընկերության հիմնադրման պահին գործարանում քարուքանդ և ոչ պիտանի վիճակում են եղել պղնձի զտման ու ծծմբաթթվի արտադրության արտադրամասերն ու այլ օժանդակ ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են մթնոլորտ արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակը բնապահպանական տեսանկյունից անվտանգ չափաքանակների սահմաններում պահելու համար: Միևնույն ժամանակ, ծծմբական թթվի արտադրության նոր արտադրամասի կառուցման ոչ նպատակահարմար լինելը երկարաժամկետ հեռանկարում պայմանավորված է բավարար քանակներով հումքի կայուն մատակարարման և ծծմբական թթվի իրացման շուկաներ ունենալու խնդիրների առկայությամբ: Այդուհանդերձ, ձեռք բերելով և Հայաստան ներկրելով բարձրարժեք սարքավորումներ, ընկերությունը կառուցել է և փորձնական ռեժիմով գործարկել ծծմբային անհիդրիդի՝ կրաքարով և կրով չեզոքացման կիսաարդյունաբերական կայան: 2007թ. փորձարկումների արդյունքում կայանի արդյունավետությունը հաջողվել է բարձրացնել մինչև 70-75 տոկոսի:

Ընկերությունը երբևէ չի դադարել իր գործունեության բնապահպանական անվտանգության լիարժեք ապահովման ճանապարհների որոնումը: Սակայն ցավով պետք է արձանագրենք, որ խնդրի լուծման գործնականում արդյունավետ ճանապարհ դեռևս չի գտնվել: Մի շարք այլ գործոնների հետ միասին այդ հանգամանքը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ընկերության պղնձաձուլական գործարանի աշխատանքի շարունակականությունը ապահովելու հարցում:
«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC