Նորություններ

«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանի հարցազրույցը «Օրակարգ» տնտեսական օրաթերթին (26.11.2011)

 

Պղնձի շուկայում պահանջարկի անկում ներկայում չկա

 

- Պրն Արզումանյան, ըստ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ սպասվում է, որ այդ օրենքով կսահմանվի նոր դրույքաչափ, որով հանքարդյունաբերական ընկերությունները պետք է ավելի շատ հարկվեն: Խնդրում ենք մեկնաբանել դա:

 

- Այնքան էլ այդպես չէ: Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի նախագիծը չի ենթադրում, որ այդ օրենքով դրույքաչափ է սահմանվելու՝ ավելի կամ պակաս: Ըստ նախագծի՝ այդ օրենքով սահմանվում են ընդերքօգտագործման ընթացքում վճարները, և նշվում են այն օրենսդրական ու ենթաօրենսդրական իրավական ակտերը, որոնցով սահմանված կարգերով դրանք վճարվում են: Այդ իրավական ակտերից մեկը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքն է, որում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով է, որ նոր դրույքաչափ է նախատեսվում սահմանել: Այդ նախագծերով ենթադրվող կարգն այժմ գործողից տարբերվում է ոչ միայն վճարների չափերով, այլև հաշվարկման սկզբունքով:Այժմ գործող կարգի համաձայն՝ վճարվում է բնօգտագործման վճար, որը սահմանվում է տվյալ ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա, կոնցեսիոն վճար և շահութաբերության նորման գերազանցելու դեպքում՝ ռոյալթի: Նախագծերով նախատեսվող կարգով՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործման դեպքում վճարվելու է ռոյալթի, որի տոկոսային դրույքաչափը հաշվարկելու համար տրվում է բանաձև: Ընդհանրացված՝ բանաձևի էությունը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ. որպես ռոյալթի վճարվելու է հասույթի 4%-ը՝ գումարած շահույթի 12,5%-ը:

 

- Որքանո՞վ է արդյունավետ հարկման նոր դրույքաչափը: Ինչպե՞ս դա կանդրադառնա ոլորտի վրա:

 

- Ես զերծ կմնամ դրույքաչափի բացարձակ մեծության վերաբերյալ որևէ գնահատական տալուց: Այս առնչությամբ միայն կարող եմ նշել, որ այդ բացարձակ մեծությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ, դրանց թվում՝ որքանով է լիարժեք ոլորտի ներուժի օգտագործման առկա մակարդակը, ինչպիսի ներդրումային ակտիվություն կա, ինչպիսին է ոլորտի (և ընդհանրապես՝ երկրի) ներդրումային գրավչությունը և այլն: Որքանով մեզ հայտնի է, դրույքաչափի նման մեծության առաջարկը չի ուղեկցվել նշված գործոնների քիչ թե շատ խոր վերլուծությամբ:Ինչ վերաբերում է սկզբունքային խնդիրներին. նախ՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործման դեպքում բնօգտագործման վճարից ամբողջությամբ հրաժարումը որոշակի ռիսկեր է ենթադրում, քանի որ մարված պաշարների ծավալների հիման վրա հաշվարկվող վճարը բնական պաշարների ռացիոնալ օգտագործման առումով էական խթան է: Խնդիրներ կան նաև նշածս բանաձևում շահութաբերության հաշվարկման հետ կապված: Մասնավորապես՝ շահութաբերությունը որոշելիս հաշվի չեն առնվում ֆինանսական գործունեության գծով ծախսերը, նախորդ տարիների հարկային վնասները և այլն: Դա մեզ համար անհասկանալի է, քանի որ դրանք հանքարդյունահանող ընկերությունների համար կենսականորեն կարևոր ծախսեր են:Միևնույն ժամանակ, եթե «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով նախատեսվում էր, որ ռոյալթիի բազայի որոշման համար հիմք ընդունվի ոչ միայն խտանյութի, այլև ձուլվածքի կամ խտանյութի վերամշակման արդյունքում ստացված այլ արտադրանքի իրացումից հասույթը, ապա ուրախությամբ կարող եմ նշել, որ այժմ քննարկվող տարբերակը ենթադրում է, որ հաշվարկման բազայի որոշման համար հիմք է ընդունվում մատակարարված արտադրանքում պարունակվող կամ օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը: Սա, անշուշտ, դրական միտում է:

 

- Համաշխարհային շուկայում պղնձի և այլ մետաղների գները տատանվում են՝ դրսևորելով նվազման միտում: Որքանո՞վ են հայկական հանքարդյունաբերող ընկերությունները պատրաստ համաշխարհային շուկայի նոր գնային ցնցումներին: Ի՞նչ միջոցառումներ են նրանք ձեռնարկում խուսափելու 2009թ. իրավիճակից:


- Իրոք, սկսած 2011թ. հուլիսից՝ պղնձի գնի զգալի անկում է գրանցվել: Սակայն երկարաժամկետ ծրագրերի համատեքստում անհրաժեշտ է նախ համարժեք գնահատել այդ անկումը պայմանավորող գործոնները: Պղնձի շուկայում պահանջարկի անկում ներկայում չկա: Ավելին՝ որոշ փորձագետների կանխատեսումների համաձայն՝ դեֆիցիտը 2012թ. կավելանա՝ պայմանավորված Չինաստանում պահանջարկի սպասվող 5-7% աճով: Պղինձ արտադրողների համար շուկայական իրադրությունն այս առումով տեսանելի հեռանկարում կայուն կլինի: Անկման բացատրության հարցում փորձագետների զգալի մասը համակարծիք է, որ դա պայմանավորված է եվրոպական տնտեսության առկա խնդիրների հետ կապված ճգնաժամային սպասումներով: Ըստ էության՝ նույն տրամաբանությունն է նաև Moody's-ի՝ Հայաստանի վերաբերյալ վերջերս մեր ԶԼՄ-ներում լայն շրջանառության մեջ դրված զեկույցի և դրանում առկա հոռետեսական կանխատեսումների հիմքում:Պղնձի միջազգային շուկաների էական ցուցանիշների վրա հենվելու պարագայում գնի դինամիկայի առավելապես լավատեսական կանխատեսումներ կարելի է անել: Որքանով կարող եմ դատել իմ ունեցած տեղեկատվությունից, պղնձի և Հայաստանից արտահանման մեջ մեծ տեսակարար կշիռ ունեցող այլ մետաղների գները դեռևս զգալիորեն բարձր են այն շեմային նվազագույն մակարդակից, որի դեպքում հայաստանյան հանքարդյունահանող ընկերությունները կարող են շահութաբեր գործել: Բացի այդ՝ ոլորտում գործող ձեռնարկություններն իրենց հեռանկարային ծրագրերում առաջնորդվում են մետաղների գների անհամեմատ ավելի պահպանողական կանխատեսումներով:Այդուհանդերձ, տեսանելի հեռանկարում շուկայի էական ցուցանիշների դինամիկան, ինչպես արդեն նշեցի, խոստումնալից է: Այս իրադրության մեջ, չնայած 2008թ. դառը փորձը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նույնիսկ ռացիոնալ հիմնավորված կանխատեսումները կարող են չարդարանալ համաշխարհային տնտեսության անակնկալ զարգացումների պատճառով, ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանի հանքարդյունահանող ընկերությունները պետք է չափից ավելի մեծ միջոցներ կուտակեն տարբեր պահուստային կամ կայունացման դրամագլուխներում կամ զերծ մնան այնպիսի նոր տնտեսական ծրագրեր նախաձեռնելուց, որտեղ առողջ տնտեսական ռիսկեր կան:

 

- Հաճախ նշվում է, որ հանքարդյունաբերական ընկերությունները ցածր գներով են վաճառում իրենց արտադրանքը, և շահույթը կենտրոնանում է միջնորդ/օֆշորային ընկերությունների ձեռքում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գնահատականները:


- Մեզ այդպիսի գնահատականներ հայտնի չեն: Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունների արտադրանքի իրացման գործընթացում գնագոյացման բավական բարդ մեխանիզմներ են գործում, և դրանց տարբեր տարրերի մասին ոչ հստակ պատկերացումները կարող են թյուրըմբռնումների տեղիք տալ: Իրականում, որպես կանոն, այս ոլորտում իրացման հետ կապված պայմանագրերում ամրագրված գները, գործարար սովորույթի համաձայն, կորելյատիվ կապի մեջ են միջազգային բորսայական գների հետ:Ինչ վերաբերում է արտադրանքն իրականից ցածր գներով վաճառելու և փաստացի եկամուտները թաքցնելու մասին հարցերին, ապա տարբեր ոլորտներում տնտեսավարողներն այդպիսի գործողություններով պետությանը վնաս հասցնելու ռիսկերի տեսանկյունից թերևս որակապես չեն տարբերվում, և զուտ հանքարդյունաբերողներին հատուկ ռիսկեր այստեղ չեմ տեսնում: Իհարկե, օրենքով սահմանված մեխանիզմներ կան, որոնք կարգավորում են հարկ վճարողների կողմից հարկերը ճիշտ վճարելու հետ կապված հարցերը: Պետական լիազոր մարմինը, բնականաբար, իրեն չի սահմանափակում հարկ վճարողի կողմից տրամադրված հաշվետվություններում կամ այլ փաստաթղթերում առկա տեղեկատվությամբ և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հետ համեմատության արդյունքներով էական շեղումներ հայտնաբերելու դեպքում կարող է կիրառել հարկային օրենսդրության խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցառումներ: 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC