Բնապահպանություն

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն իր գործունությունն իրականացնում է բնապահպանական տեսանկյունից էական ռիսկեր պարունակող ոլորտում: Իր հիմնական արտադրական միավորի՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բնապահպանական անվտանգության ապահովման խնդիրը մշտապես եղել է ընկերության սոցիալական պատասխանատվության օրակարգում: Պղնձաձուլական գործարանի աշխատանքը շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու և կայուն, ինքնահարատ զարգացման սկզբունքներին լիարժեքորեն համապատասխանեցնելու իրատեսական ուղիներ բացահայտելու նպատակով ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով իրականացվել են մի շարք հետազոտություններ և ուսումնասիրություններ:

Բնապահպանական անվտանգության տեսանկյունից համաշխարհային առաջադեմ փորձին համահունչ լինելու առումով ընկերությունը էական ձեռքբերումներ ունի թույլատրելի սահմանային չափաքանակները գերազանցող ջրային արտահոսքերի բացառման մասով: Իր գործունեության ամբողջ ընթացքում փակ շրջանառու համակարգով է գործել ընկերության հանքահարստացուցիչ ֆաբրիկան: 2005թ. փակ շրջանառու համակարգ է ներդրվել նաև պղնձաձուլական գործարանի խարամի հատիկավորման ավազանում:

Զգալի աշխատանքներ են կատարվել նաև օդային ավազան արտանետումների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազեցնելու ուղղությամբ: Դեռևս 2003թ. հաստատվել է բնապահպանական միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում կատարվել են մի շարք քայլեր: Մասնավորապես՝ յուրաքանչյուր կոնվերտերի հետ միաժամանակ երկու ցիկլոններ շահագործելու շնորհիվ հնարավոր եղավ մեծապես նվազեցնել ծծմբային գազերի չկազմակերպված արտահոսքը և ավելացնել հավաքվող ու կրկնակի վերամշակվող փոշու քանակը: 2005թ. ցիկ­լոն­նե­րի վրա տեղա­դր­վել է փոշու պարբերաբար բեռ­նա­թափման համակարգ, իրա­կա­նաց­վել են գազերի չկազ­մակերպված արտանետումների նվա­զեց­մանն ուղղված միջո­ցա­ռումներ, որոնց արդ­յուն­­քում ընդհանուր արտանետումների մեջ գա­զե­րի անկազմակերպ արտահոսքի տեսակարար կշիռը նվազել է մինչև 3%, այդուհետ ծծմբային գազերի նշանակալից ծավալներով արտանետման միակ աղբյուրը ծխնելույզն է:

Արտանետվող գազերի՝ շրջակա միջավայրի վրա Ալավերդու պղնձաձուլական գործա­րա­նի բացասական ազ­դե­ցությունը պայմանավորող հիմնական գործոնը դրանցում ծծմբային ան­հիդ­րիդի առկայությունն է: Այդ խնդիրը հնարավոր չէ լուծել գազազտիչներով իրականացվող մեխանիկական զտմամբ: Ծծմբային անհիդրիդ պարունակող գազերի վնասազերծման այսօր հայտնի տեխ­նո­լո­գիա­նե­րը ենթադրում են կամ դրա չեզոքացում որևէ ազդանյութի կի­րառմամբ, կամ ծծմբային անհիդրիդի օգ­տահանմամբ երկրորդային ապ­րան­քային արտադրանքի (ծծմբական թթու, տարրական ծծումբ և այլն) ստացում: Հնարավոր եր­կու սկզբունքային ուղղություններով էլ ընկերությունը որոշակի գործունեություն է ծավալել:

- 2005-2007 թթ. ընթացքում իրականացվել են գազերի վնասազերծման երկու տարբերակների համար էլ անհրաժեշտ չոր էլեկտրազտման համակարգի նորոգման և շահագործման նախապատրաստման աշխատանքներ:
- Լեռնամետա­լուր­գիայի ինստիտուտի մասնագիտական օժանդակությամբ նույն ժամանակահատվածում պատ­րաստ­վել և փորձարկվել է ծծմբային անհիդրիդի կրա­քա­րով և կրով չե­զո­քացման կիսաարդյունաբերական փոր­ձա­կայան, որի արդյունա­վե­տութ­յունը 2007 թ. հաջողվել է հասցնել 70-75%: Սակայն այդ եղանակով խնդրի լուծման հնարավոր տարբերակների հետագա համակողմանի ուսումնասիրության արդյունքում գազերի վնա­­սա­զերծ­ման այդ եղանակն ընկերության համար համարվել է ոչ նպատակահարմար թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական տեսանկյուններից:

Գազերի վնասազերծման մյուս եղանակի՝ ծծմբական թթվի արտադրության կազմակերպման տեխնիկական նախադրյալներ ապահովելու նպատակով 2005-2007 թթ. ընկերությունը Եվրոպայից ձեռք է բերել և Հայաս­տան ներկրել գազերի մաքրման (լվացման) բաժան­մուն­քի և ծծմբական թթվի ար­տա­դրա­մա­սի սար­քա­վորումները: Անցած ժամանակահատվածում սարքավորումները կարգաբերվել են և նախապատրաստվել շահագործման: Սակայն համաշխարհային շուկաներում առկա իրավիճակն ու Հայաստանի տրանսպորտային սահմանափակումներն իրատեսական չեն դարձնում ծծմբական թթվի շուկայական իրացման հնարավորությունը, ինչի արդյունքում նոր արտադրամասի կա­ռուցումն ու գործարկումը մնում է տնտեսապես անիրագործելի:

Խնդրի արմատական լուծում են­թադ­րող իրատեսական այլընտրանքների բացակայության պայմաններում ընկերությունն ընտրեց արտանետման աղբյուրի՝ ծխնելույզի տեղափոխության տարբերակը: Սա բնա­պահ­պա­նական խնդրի թեև ժամանակավոր լուծում կարող է համարվել, սակայն միակ իրա­տե­սական ծրագիրն էր, որը կարող էր համադրել Ալավերդի քա­ղա­քում և հարակից բնա­կա­վայ­րե­րում սոցիալական աղետ թույլ չտալու և բնա­պահ­պա­նա­կան իրա­դրության բարելավման հրամայականները: Իրականացված միջոցառման արդյունքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը 780 մ բացարձակ բարձ­րու­թյունից տեղափոխվել է 1078 մ բացարձակ բարձրության վրա, որտեղ տեղադրվել է 20 մ բարձրությամբ և 3 մ տրա­մա­գծով ծխնելույզ: Նախ­կին՝ 100 մ բարձ­րու­թյամբ ծխնելույզի համեմատությամբ՝ գազերն ար­տա­նետվում են 218 մ-ով ավելի բարձր կետից: Գազերի տեղափոխումը նախկին ծխնե­լույ­զի հարթակից իրա­կա­նաց­վում է մոտ 918 մ երկարությամբ նա­խած­խ­անց­քով: Նոր նախածխանցքի և ծխնելույզի գործունեության արդյունավետության գնահատման նպատակով ընկերության պատվերով «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության մասնագետների կողմից նաև իրականացվում է հեռացող գազերի բաղադրության և աէրոդինամիկական պարամետրերի ամենամսյա մոնիտորինգ:

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների` եթե մինչ նոր ծխնելույզի ու ծխատարի կառուցումը Ալավերդի քաղաքում ծծմբային անհիդրիդի սահմանային թույ­լատ­րելի կոնցենտրացիան (խտությունը) գերազանցվում էր 10-12 անգամ, ապա 2011թ. հոկտեմ­բե­րից՝ ծծմբային անհիդրիդի ՍԹԿ-ի գերազանցումը կազմում է առավելագույնը 1.3-1.5 անգամ: Նոր ծխատարի և ծխնելույզի շահագործման անցած ժամանակահատվածում արձանագրված արդյունքները փաստում են, որ Ալավերդի քաղաքի և հարակից բնակավայրերի վրա Ալավերդու պղնձա­ձու­լա­կան գոր­ծա­րա­նի արտանե­տումների ազդեցության նվա­զեց­ման և այդ բնակավայրերում բնա­պահպանական ընդհանուր իրա­վի­ճա­կի բա­րե­լա­վման տեսանկյունից միջոցառումն առ այսօր եղել է արդյունավետ:

Այդուհանդերձ, մենք գիտակցում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում խնդրի արմատական լուծման համաշխարհային առաջադեմ փորձով հիմնավորված լուծումը եղել և մնում է ծծմբական թթվի արտադրության կազմակերպմամբ արտանետվող գազերի վնասազերծումը: Ներկայում դրա համար նոր հեռանկարներ են ուրվագծվում՝ կապված Թեղուտում և այլ հանքավայրերում իրականացվող հանքարդյունաբերական ծրագրերի հետ: Մասնավորապես, պղինձ պարունակող օքսիդացված և աղքատ ծծմբային հանքաքարից օգտակար տարրերի կորզման համար անհրաժեշտ գործընթացները պահանջում են ծծմբական թթվի զգալի քանակությունների օգտագործում՝ ապահովելով ծծմբական թթվի համար իրացման ճակատ և զուգահեռաբար բարձրացնելով օգտակար հանածոների կորզման ռացիոնալությունը: